ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏԱԾ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

Image

06.10.2022թ. Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցում ուսուցումը հաջողությամբ ավարտած ունկնդիրներն ստացել են հավաստագրեր:

Հավաստագրերի հանձնման միջոցառմանը ներկա էին Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը, տնօրենի տեղակալները և այլոք։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախի և Հայաստանի պաշտպանության համար նահատակվածների հիշատակը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը՝ շնորհավորելով շրջանավարտներին և տեղեկացնելով, որ ՀՀ փաստաբանական դպրոցը տարեց տարի բարելավում է ուսուցման ծրագրերը և ավելի խիստ պահանջներ է դնում ուսուցման որակի նկատմամբ: Մեկ տարվա ընթացքում ՀՀ փաստաբանական դպրոցից հեռացվել է 7 ունկնդիր:

Ելույթ է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ փաստաբանական դպրոցի ինստիտուցիոնալ կարևորությանը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Փաստաբանական դպրոցի տնօրենի տեղակալ Ռոման Ահարոնյանը, իսկ շնորհակալական խոսքով՝ ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտ Դավիթ Ղազարյանը:

ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտներն իրավունք են ստացել մասնակցելու ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող որակավորման քննություններին: